Իրանը Սիրիայում արյունահեղության պատասխանատուն Թուրքիային է համարում

17:39, 1 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շարունակում է Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների համար Թուրքիային ուղղված մեղադրանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով HaberTurk հեռուստաալիքը, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին սիրիացի ընդդիմադիրներին աջակցող երկրների շարքում Թուրքիային մեղադրել է Սիրիայում ներքին պատերազմ բորբոքելու մեջ: Ամերիկացի լրագրող Բարբարա Սլավինի հետ ունեցած զրույցում Լարիջանին Թուրքիային եւ տարածաշրջանի որոշ արաբական երկրներին պատասխանատու է համարել Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար:

Լարիջանին այդ երկրներին մեղադրել է Սիրիայի ընդդիմությանը զենք ուղարկելու, ֆինանսական աջակցություն ապահովելու, քաղաքական եւ մեդիա աջակցություն ցուցաբերելու մեջ: «Այդ երկրները պատասխանատու են Սիրիայում թափվող արյան համար, որոնք ցանկանում են Սիրիան վերածել մի նոր Բինգազիի», -ասել է Լարիջանին:

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը չի լքելու իր դաշնակից Բաշար Աադին եւ ամեն ջանք գործադրելու է Սիրիայում առկա խնդրին խաղաղ լուծում գտնելու համար:


© 2009 ARMENPRESS.am