Թուրքիայում շարունակվում է մշակութային ցեղասպանությունը

12:05, 29 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետությունը հիմադրումից ի վեր շարունակում է ոչնչացնել իր տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանները: Հակառակ թուրքական իշխանությունների` հայկական հուշարձանների վերաբերյալ իրենց հոգատար վերաբերմունքի մասին արած բարձրագոչ հայտարարությունների` վերջին շրջանում ավելացել են մտահոգիչ լուրերն այն մասին, որ թուրքերը չեն դադարում հայկական հուշարձանների ոչնչացումը կամ թուրքացումը: Պատմական Հայաստանի տարածքում հայերի ներկայությունը հերթական անգամ հիշեցնող հուշարձանների ոչնչացումը տեղի է ունենում մի քանի ճանապարհով:

Առաջին դեպքում թուրք իշխանություններն ընտրել են քիչ թե շատ չեզոք տարբերակ. նրանք պարզապես անուշադրության են մատնում հայկական կոթողները, որոնք, մնալով առանց խնամքի, ավերվում են: Մեկ այլ դեպքում հայկական եկեղեցիները որպես սեփականություն հանձնվում են այդ տարածքում բնակվող թուրքերին կամ քրդերին: Նշենք, որ սա բավական լուրջ խնդիր է, քանի որ հայկական հուշարձանները վերջիններիս հանձնելուց հետո դրանք գրեթե երբեք այլևս չեն վերադարձվում հայկական համայնքին: Թուրքերն ու քրդերն այդ կոթողներն օգտագործում են որպես պահեստ կամ ախոռ: Նման անմխիթար վիճակում են տասնյակ հայկական եկեղեցիներ, ինչպես օրինակ` Էրզրումի Ազիզիե գավառում գտնվող 17-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին:

Մյուս տարբերակը հայկական կրոնամշակութային հուշարձանների թուրքացումն է: Սա պետք է համարել Թուրքիայում առավել տարածված երևույթներից: Հայկական հուշարձանների թուրքացման վառ օրինակ է Կարսում գտնվող հայկական Սուրբ Առաքելոց եկեղեցին, որը 1993 թվականից ի վեր գտնվում է Թուրքիայի Կրոնական հարցերով վարչության հովանու ներքո և օգտագործվում է որպես մզկիթ` Քումբեթ Ջամի անունով:

Չենք կարող չնշել, որ վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունը, տեղի տալով հայկական համայնքի պահանջներին, ինչպես նաև խուսափելով միջազգային հանրության կողմից հերթական քննադատությանը ենթարկվելուց, սկսել է որոշակիորեն պահպանել հայկական հուշարձանները` դրանք վերանորոգելով կամ հայկական համայնքին հանձնելով: Սակայն թուրքական բարյացկամությունն իրականում այնքան էլ անկեղծ չէ: Բանն այն է, որ շատ հաճախ դրանք հայկական համայնքին հանձնվում են ծայրահեղ վատ վիճակում: Նմանօրինակ դեպքերից էր Մարդինի նահանգում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հայերին հանձնելուց առաջ թուրքերը թողել էին միայն եկեղեցու չորս պատերը: Այս անգամ ևս որպես եկեղեցու ավերման պատասխանատուներ` թուրքական իշխանությունները մատնանշել էին «գանձեր որոնողներին», որոնք մեր օրերում էլ շարունակում են փնտրել Հայոց ցեղասպանության տարիներին փախստական դարձած հայերի թաքցրած ոսկիներն ու հարստությունները:

Ինչ վերաբերում է հայկական կրոնամշակութային հիմնադրամների վերանորոգմանը, ապա այստեղ ևս թուրքերը չեն հրաժարվել իրենց ավանդական քաղաքականությունից: Վերանորոգումից անմիջապես հետո հայկական հուշարձաններում կորում են շատ զարդանախշեր, հայկական դարավոր մշակույթին բնորոշ որմնանկարներ: Այստեղ տեղին է «Արմենպրես»-ի հետ զրույցներից մեկում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արած նկատառումն այն մասին, որ թուրքերի նման քայլերն ուղղված են ոչ թե հայերին, այլ արվում են սեփական քաղաքականության համար: Բացի այդ, հայկական հուշարձանները վերանորոգելիս թուրքերը երբևէ չեն ներառում հայ մասնագետներին, ինչը թույլ կտար խուսափել կոպիտ ճարտարապետական սխալներից:

Թեպետ Պոլսի հայկական համայնքը, ի տարբերություն նախկին տարիների, մեր օրերում համարձակվում է բարձրաձայնել այս կամ այն խնդրի մասին և անգամ երբեմն հարուցում է նաև դատական գործեր, այդուհանդերձ դրանք միշտ չէ, որ տալիս են անհրաժեշտ արդյունքը: Չնայած թուրքական իշխանությունների տված խոստումներին` հայկական հուշարձանները վնասողներին հայտնաբերելու և համապատասխան պատիժ սահմանելու վերաբերյալ, այդուհանդերձ, հայկական կողմի արդարացի պահանջներն այսօր էլ մեծամասամբ մնում են անպատասխան և արհամարհված:

Արաքս Կասյան


© 2009 ARMENPRESS.am