Դամասկոսում հայեր են սպանվել

22:21, 28 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ջոբար թաղամասում անհայտ պայմաններում օգոստոսի 28-ին սպանվել են հայազգիներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դամասկոսի Հայոց առաջնորդարանից, սպանվել են 1963թ. ծնված Պետրոս Մաթոսյանը, 1966թ. ծնված Գեւորգ Մաթոսյանը եւ 22-ամյա Լեւոն Պետրոսի Մաթոսյանը: Առաջնորդարանը ջանում է նրանց դիերը հակամարտության տարածքից դուրս բերել:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստան են ժամանել ավելի քան 2 հազար սիրիահայեր, իսկ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:

Դամասկոսի հայաշատ Ջառամանայի արվարձանում օգոստոսի 28-ին պայթյուններ են որոտացել:


© 2009 ARMENPRESS.am