Թուրքիան սարսափում է Մեծ Քրդստանի ստեղծման հեռանկարից

12:13, 2 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարային սարսափեցնում է Քրդստան պետության հնարավոր ստեղծման հեռանակարը: Այս մասին են վկայում թուրք պաշտոնյաների` վերջին շրջանում հաճախակի դարձած հայտարարությունները: Հերթական անգամ Թուրքիան դարձավ սեփական խաղի զոհը:

2011 թվականի հոկտեմբերից սկսված սիրիական ճգնաժամի, այսպես կոչված, «լուծմանն» իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում նաև Թուրքիան, ով, պաշտպանելով պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը, մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Ասադի կառավարությունը փոխելու պահանջով: Թուրքիայի նման քաղաքականության արդյունքում լարված թուրք-սիրիական հարաբերությունների վատթարացման ազդանշան դարձավ թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը: Թեպետ Էրդողանը և մյուս թուրք պաշտոնյաները սկսեցին հանդես գալ Սիրիային դատապարտող հայտարարություններով, այդուհանդերձ, ակնհայտ էր, որ սա բեմականացված քաղաքական ներկայացում էր, որը, արի ու տես, վնասեց միայն Թուրքիային:

Սիրիայում օրեցօր լարվող իրադրության պայմաններում երկրում գլուխ բարձրացրած քրդերը սկսեցին հանդես գալ իրենց անկախ պետությունը հիմնելու նախաձեռնությամբ: Ստացվում է, որ Թուրքիան, ինքն ապակայունացնելով իրադրությունը Սիրիայում, նպաստեց, որպեսզի դրվեն իր համար այդքան անցանկալի քրդական պետության հիմքերը: Այն բանից հետո, ինչ թուրքական մամուլում տարածվեցին լուրեր, թե Բաշար Ասադն իր երկրի հյուսիսային մի շարք նահանգներ տվել է Թուրքիային, պաշտոնական Անկարան սկսեց հանդես գալ սպառնալից հայտարարություններով: Վարչապետ Էրդողանը բազմիցս խոսեց այն մասին, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել իրենց հարավային սահմանին ևս մեկ քրդական պետության ստեղծում և սպառնաց ռմբակոծել այդ շրջանները: «Մենք կանենք այն, ինչ արել ենք, անում ենք և կանենք Հյուսիսային Իրաքում»,- ասաց Էրդողանը` նկատի ունենալով Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ճամբարների պարբերական ռմբակոծումները թուրքական զինուժի կողմից: Նմանօրինակ հայտարարությունների դրդապատճառը թուրքական կողմի անհանգստությունն է` կապված այն փաստի հետ, որ դեպքերի նման զարգացման պայմաններում Թուրքիայի սահմանին կստեղծվի ևս մեկ պետական միավոր Հյուսիսային Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածից հետո: Թերևս սա մտահոգիչ է այնքանով, որ Սիրիայում ևս նման ինքնավարություն ստեղծելու դեպքում հերթը կարող է հասնել նաև Թուրքիային, ինչով կլուծվի Մեծ Քրդստան ստեղծելու քրդերի ազգային ծրագիրը:

Թուրքիայի Հանրապետության ամենացավոտ ներքին խնդիրներից մեկը` քրդական խնդիրն այսօր «ոսկորի նման կանգնած է Անկարայի կոկորդին»: Սա են փաստում թուրք պաշտոնյաների հուսահատ քայլերը, մասնավորապես Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար մարզ` մի շրջան, որն ամիսներ առաջ պաշտոնական Անկարան չէր ճանաչում որպես ինքնավարություն: Սակայն ստեղծված պայթյունավտանգ իրադրությունն ստիպեց թուրքական պետությանը գնալ նման քայլերի: Փակուղում հայտնված Թուրքիայից հետագա շաբաթների և ամիսների ընթացքում էլ կարելի է սպասել նոր քայլերի, որոնք ուղղված կլինեն ընդդեմ քրդական գործոնի ուժեղացմանը տարածաշրջանում` դրանով իսկ փորձելով փրկել Թուրքիան մասնատումից:

Արաքս Կասյան


© 2009 ARMENPRESS.am