Ահաբեկիչները Սիրիա մուտք են գործում Թուրքիայից. Սիրիայի ԱԳՆ

12:12, 30 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ ահաբեկիչները Սիրիա են մուտք գործում Թուրքիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Մուալեմը նշել է Իրանի իր գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո:

«Սիրիայում ձերբակալված ահաբեկիչները լիբիացիներ, թունիսցիներ, եգիպտացիներ են: Նրանց մեջ կան նաև Ալ-Քաիդայի անդամներ: Բոլոր այս ահաբեկիչները Սիրիա են ներխուժել Թուրքիայից»,- ասել է Մուալեմը:

Իրանի ԱԳ նախարար Սալեհին իր հերթին նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին, որ Սիրիայի նկատմամբ վարած սխալ քաղաքականությունից չհրաժարվելու դեպքում այդ երկրներում էլ կարճ ժամանակում նույնատիպ ճգնաժամ կսկսվի: 


© 2009 ARMENPRESS.am