Իսրայելը Թուրքիային մեղադրում է իր քաղաքացիների դեմ ահաբեկչություն իրագործող երկրների հետ համագործակցելու մեջ

13:19, 16 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական «Yedioth Ahronoth» թերթը հայտնել է, որ իսրայելցի զբոսաշրջիկների դեմ ահաբեկչություններ իրագործելու Իրանի, Սիրիայի եւ Լիբանանի ծրագրած «կոալիցիոն» գործողություններին վերջին երկու տարիներին միացել է նաեւ Թուրքիան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իսրայելական թերթն այդ պնդումն արել է Կիպրոսի Հանրապետությունում իսրայելցի զբոսաշրջիկների դեմ հիշյալ երկրների կողմից ահաբեկչություն իրագործվելու վերաբերյալ ծրագրի հայտնաբերվելուց հետո: «Հայտնի է դարձել, որ վերջին երկու տարիներին Թուրքիան միացել է Իրանից, Լիբանանից եւ Սիրիայից կազմված այդ կոալիցիայի ահաբեկչական ջանքերին: Թուրքիան վերածվել է ահաբեկչության ակտիվ եւ ավագ համագործակցի», -գրել է թերթը:

Թերթը պնդել է, որ Թուրքիան ահաբեկչական խմբավորումների համար հարմար հարթակ է` եւ որպես կազմակերպված բազա, եւ ահաբեկչության տարանցման կետ: «Ամեն բան կատարվում է թուրք իրավասուների քաջալերմամբ եւ գիտակցությամբ», -գրում է թերթը:

«Yedioth Ahronoth»-ը հայտնում է, որ Թուրքիան այդ «կոալիցիայի» կազմում անցյալում եւս աշխատել է իսրայելցի զբոսաշրջիկներին Բուլղարիայում, Կիպրոսում եւ Հունաստանում թիրախ դարձնելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am