Սուրբ Էջմիածինը Հայաստանում զարգացնում է կրոնական տուրիզմը

15:40, 11 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում հուլիսի 10-ին տեղի է ունեցել քննարկում «Ս. Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» խորագրի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, քննարկման սկզբում բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտության խնդրին` Մուշեղ Սրբազանը կարևորել է նման սեմինարների անցկացումը` ընդգծելով, որ դրանք այսուհետ շարունակական բնույթ են կրելու: Սրբազանը ներկայացրել է նաև այս ուղղությամբ Մայր Աթոռի կողմից գործադրվող ջանքերը, որպեսզի իր հարկի ներքո ուխտավորները և զբոսաշրջիկները կարողանան լավագույնս հաղորդ դառնալ հայ ժողովրդի ազգային և հոգևոր արժեքներին:

Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռին` տուրիզմի կարևորագույն ճյուղի զարգացմանը բերվող նպաստի համար` նշելով, որ նման հանդիպումները նաև ավելի են ամրապնդում Մայր Աթոռի և այդ ոլորտում ներգրավված ընկերությունների համագործակցությունը:

Քննարկվող թեմայի շուրջ բանախոսություն է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Տեր Հայրն իր խոսքում համառոտ անդրադարձ է կատարել Մայր Աթոռի հոգևոր գանձերին, որոնք դարեր շարունակ դեպի իրենց են ձգել տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ ուխտավորների և օտարերկրացի ճանապարհորդների:

Քննարկումն ամփոփել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազանը քննարկումը նկատել է որպես Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացմանն ուղղված կարևոր և առաջընթաց քայլ, իր խոսքում անդրադարձել նաև ուխտավորների համար համապատասխան պայմանների ապահովման անհրաժեշտությանը:

Վերջում տեղի է ունեցել ընդունելություն Մայր Աթոռի նորաբաց «Ագապե» ուխտավորական սեղանատանը:


© 2009 ARMENPRESS.am