Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ է հրահրում

10:56, 26 Հունիս, 2012

Թուրքական ռազմական F-4 ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների լարվածությունը հասավ իր գագաթնակետին, ինչն էլ առիթ դարձավ թուրք-սիրիական հնարավոր պատերազմի շուրջ խոսակցությունների համար:

Հայտնի է, որ թուրքական իշխանությունները վերջին շրջանում վարում են Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ամրապնդելուն ուղղված քաղաքականություն` ցանկանալով ծանրակշիռ խոսք ունենալ այս տարածաշրջանում: Հենց այս քաղաքականության զոհն էլ դարձել է Սիրիան, ում նկատմամբ ավելի են ակտիվացել թուրքական պետության սպառնալիքները: Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատմությունը կարծես գալիս է լրացնելու թուրքական պետության` Սիրիայի դեմ սկսած խաղը, և այս հարցում Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ շատ պետություններ ևս ներկայում ունեն ընդգծված հակասիրիական դիրքորոշում:

Դեպքի առնչությամբ փորձելով աղաղակել միջազգային հարթություններում` Թուրքիան հունիսի 25-ին պահանջեց ՆԱՏՕ-ից հավաք կազմակերպել, որտեղ էլ քննարկման կդրվեր վերոհիշյալ դեպքը: Զարմանալի է, որ որպես հավաքի անցկացման պատճառ Թուրքիան առաջ քաշեց ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան համաձայնագրի այն կետը, համաձայն որի` «սպառնալիքի տակ է առնվել անդամ երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»: Հետաքրքիր է, թե ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, եթե անգամ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի, թուրքական կործանիչը Սիրիայի կողմից գրոհի էր ենթարկվել հենց Սիրիայի սահմանը հատելու պատճառով: Այսինքն` ստացվում է, որ թուրքական իշխանությունները վարում են իրենց բնորոշ քաղաքականությունը. նրանք կրկին փորձում են «փակել» միջազգային հանրության աչքերը` ձգտելով առավելագույնս օգուտ քաղել ստեղծված իրադրությունից: Նման պայմաններում հարց է առաջանում` արդյո՞ք թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատմությունը հենց Թուրքիայի կողմից բեմադրված հերթական ներկայացումը չէր: Եվ եթե անգամ այնպիսի պետություններ, ինչպիսն ԱՄՆ-ն է, ով հայտնի է իր ակնհայտ հակասիրիական դիքրորշմամբ, բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ` խնդիրը ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում խաղաղ լուծելու անհրաժեշտության վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ Թուրքիան, հակառակ իր իսկ կողմից ստորագրված տարբեր միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի, արդեն իսկ փորձում է իրավիճակն առավելագույնս տեղափոխել դեպի պատերազմական հարթություն: Հերթական անգամ Թուրքիան  ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ ինքը կայացած պետություն չէ և ռազմական ճանապարհով է ցանկանում ցույց տալ իր «ուժը»` այնպես, ինչպես միշտ է եղել: Միայն թե այս դեպքում հարց է առաջանում` արդյո՞ք Թուրքիային կհաջողվի դուրս գալ իր իսկ ստեղծած խառնաշփոթից և խուսափել անդառնալի կորուստներից:

Արաքս Կասյան 


© 2009 ARMENPRESS.am