Իրան. «կարմիր գծից» այս կողմ

14:31, 7 Մարտ, 2012

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ուսանող հայազգի ընկերս մի առիթով ինձ ասաց, որ «գեոպոլիտիկան քո ընկերն է». մինչ այդ պահը ես ընկալում էի գեոպոլիտիկան` որպես կեղծ գիտություն, քանի որ հիմնականում չափում է պետությունների հզորությունը` ելնելով նրանց աշխարհագրական պոտենցիալից:

Այնինչ, եթե ուսումնասիրենք նորօրյա ռազմական բախումների տրամաբանությունը, ապա կտեսնենք, որ դրանք գլխավորապես տեղի են ունենում այն տարածաշրջաններում, որտեղ կան բնական ռեսուրսներ: Հետևաբար, ընկերոջս կարծիքով, եթե պարզենք` որտեղ կան առավելագույնս չօգտագործված նավթագազային պաշարներ, ուրեմն կիմանանք հաջորդ պատերազմի տեղն ու նաև ժամանակը:

Իսկ Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում Ռուսաստանից հետո 2-րդ տեղն է զբաղեցնում. նրան է պատկանում համաշխարհային պաշարների 14%-ը: Իրանի գազային պաշարների կարևորությունը նաև ընդգծվում է այն փաստով, որ այն Nabucco-ի նախնական ծրագրով, Արևմուտքին հիմնական գազ մատակարարողներից էր համարվում:

Սակայն դատելով արևմտյան ներկա քաղաքական փիլիսոփայությունից, ԱՄՆ-ը և եվրաատլանդյան համայնքը երբեք չի ցանկանա (և չցանկացավ) Իրանին մասնակից դարձնել էներգետիկ մեծ նախագծերում, քանի որ այդ երկիրը իսլամական է: Այսինքն Իրանը անհրաժեշտ դաշնակից չէ այնքան ժամանակ, քանի դեռ այն կրոնափոխ չի եղել: Զարմանալի տրամաբանություն է` հաշվի առնելով իսլամական երկրների հետ ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների փորձը:

Ուրեմն, նույն ամերիկյան փիլիսոփայությունը նաև ելնում է ոչ ժողովրդավարական լինելու կամ ժողովրդավարական բարեփոխումների նվազագույն մակարդակի փաստից: Այլ կերպ ասած, «Իրանի հետ կհամագործակցենք այն ժամանակ, երբ այնտեղ գոնե հեղափոխություն լինի», քանի որ հեղափոխություններն ազդում են հենց արժեքային համակարգերի վրա, այդ թվում կրոնական արժեքների ընկալման վրա:

Տրամաբանության այս համատեքստում տարիներ շարունակ անվստահություն կուտակվեց, ինչը հանգեցրեց Իրան-Արևմուտք հարաբերությունների սրմանը և ռազմական բախման առիթի ձևավորմանը: Սրա համար հիմք ծառայեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին շրջանի լարվածությունը, որից հետո ԱՄՆ-ը ու ԵՄ-ը էմբարգոներ դրեցին իրանական նավթային առևտրի վրա, իսկ Իսրայելն ու Իրանը սկսեցին ավելացնել ռազմական պատրաստությունները Պարսից ծոցի շրջանում:

ԱՄՆ-ը, մասնավորապես, տեղակայեց 2 հրիթռակիր նավեր (USS Abraham Lincoln և USS Carl Vinson), 3-րդը նախատեսված է տեղակայել մարտին, իսկ չորրորդը, թեև հեռու է Ծոցից, բայց ըստ ամերիկացիների, ամեն պահ կարող է վերադառնալ: Այս տեղակայումները հաջորդել էին Իրանի կողմից անցյալ տաևրվա դեկտեմբերին Հորմուզի նեղուցը փակելու մասին սպառնալի հայտարարություններին: Նավթը դեռևս էներգիայի ամենակարևոր աղբյուրն է, և տիեզերքի նավթային մատակարարումների շուրջ 1/5-րդը գալիս է հենց այդ նեղուցից: «Հորմուզը աշխարհի ամենակարևոր նավթային chokepoint-ն է` հաշվի առնելով 2011թ.-ին օրեկան 17 մլն բարրել նավթային հոսքը»,- նշում է ԱՄՆ Էներգիայի դեպարտամենտը: Քանի որ աշխարհում չկա այնպիսի շրջան, որ կարող է փոխարինել Հորմուզին, վերջինիս փակման ցանկացած փորձ կհանգեցնի նավթի համաշխարհային դեֆիցիտի, գների կտրուկ բարձրացմանը (աննկարագրելի է ինչքան կբարձրանան նավթի գները), և անկասկած կհանգեցնի տնտեսական խուճապի ու քաոսի: Այլ կերպ ասած, Հորմուզը համարվում է այն «Կարմիր գիծը», որտեղ վերջանում են խաղաղության ու դիվանագիտության դերերը, քանի որ ԱՄՆ-ին այլ ելք չի մնա, քան ուժով դրա վերաբացման փորձը: 

Ամփոփելով` կարելի է նշել, որ Իրանի վրա հարձակման համար անհրաժեշտ նախադրյալները կան. թիրախային քաղաքական փիլիսոփայություն և առիթ: Այս համատեքստում ամենակարևոր մյուս գործիքը տեղեկատվությունն է, քանի որ անել մի բան տեղեկատվական վակուումի պայմաններում, հղի է անարդարության ռիսկով ու հանրային բացարձակ քննադատությամբ, բայց անել մի բան տեղեկատվական համապատասխան դաշտում, կարող է ապահովվել հանրային աջակցությամբ:

Երբ ամերիկյան  իշխանությունները լրագրողներ էին պատրաստում Իրաքի մասին հրապարակումներ անելու համար, հարցին` «ինչու»` ԱՄՆ ծովային կորպուսների ԶԼՄ կապերի նախկին ղեկավար փոխգնդապես Ռիք Լոնգն ասաց. “Անկեղծ ասած, մեր խնդիրը` պատերազմը հաղթելն է, իսկ դրա մի մասը տեղեկատվական պատերազմն է: Ուստի, մենք փորձում ենք կառավարել տեղեկատավական միջավայրը»:

2003թ. հունվարին CBS-ի հարցման համաձայն, ԱՄՆ քաղաքացիների 64 տոկոսը աջակցել էին Իրաքի վրա հարձակումը: Տեղեկատվական աջակցության այս պայմաններում 2003թ.  մարտին ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք:

Ուշագրավ է, որ 2011թ. դեկտեմբերին նմանատիպ հարցում էր իրականացրել NBC/Wall Street-ը, և ամերիկացիների 54 տոկոսը ասել էր, որ կաջակցի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, մինչդեռ ընդամենը 38 տոկոսն էր մերժել այդ:

Տեղեկատվական այս պատերազմի շրջանակներում, որպես կանոն, ավելանում է թիրախ երկրի կողմից հարձակման հնարավորության մասին հրապարակումները, ինչն ավելի է արդարացնում նախապատրաստվող հարձակումը: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ տարեվերջին և մինչ օրս միջազգային մամուլում գրեթե ամեն օր խոսվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի կամ Իսրայելի դեմ հարձակման մասին, անգամ հետախուզական անվտանգության ծառայությունների ղեկավարության կողմից են նմանատիպ հայտարարություններ արվում:  Փաստորեն, տեղեկատվական այսօրինակ ծածկույթի ավելացումն ուղիղ համեմատական է իրական գործողությունների հնարավորության մեծացմանը:

Այսպիսով, եթե սնոտիապաշտ լինեինք, ապա կհավատայինք, որ այս տարվա գարնանը, ինչպես Իրաքի դեպքում, Իրանի վրա կհարձակվեն: Բայց քանի որ մեր նպատակը նոր գիտելիքներ ստանալն է այս կամ այն հարցի վերաբերյալ, իսկ ամերիկացի գիտնական Հերբերտ Սայմոնի կարծիքով հենց դա է մեզ դարձնում ավելի ռացիոնալ, ուրեմն կշարունակենք ուսումնասիրել տեղեկատվական վերը նշված ծածկույթի ավելացմանը` իհարկե չմոռանալով Հայաստանի ժողովրդագրական անվտանգության, հումանիտար ճգնաժամի և տնտեսական խուճապի կանխարգելմանն ուղղված մեր քայլերի մասին: 

 

Վահան Դիլանյան 


© 2009 ARMENPRESS.am