Քննարկվում է հայ խաղաղապահների առաքելությունը Կոսովոյում շարունակելու հարցը

13:20, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանումն առժամանակ դուրս է բերվել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ քննարկվում է գործընկեր այլ պետության զինուժի կազմում հայ խաղաղապահների առաքելությունը Կոսովոյում շարունակելու հարցը: «Կոսովոյում հունական զինուժի ստորաբաժանումների կրճատման արդյունքում որոշում է կայացվել հայ խաղաղապահների ստորաբաժանումն առժամանակ դուրս բերել: Քանի դեռ քաղաքական որոշում չի կայացվել այլ պետության կազմում առաքելությունը շարունակելու մասին, Կոսովոյում առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները Հայաստանում են»,-նշեց Դավիթ Կարապետյանը:

Հայաստանի Հանրապետության` միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու պրակտիկան սկիզբ է առել 2004 թվականին, երբ Հայաստանը մեկ դասակի կազմով միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում: Հետագայում առաքելության անձնակազմն ընդլայնվել է եւ Կոսովոյում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի 35 պայմանագրային զինծառայողներ (2 սպա, 1 ենթասպա և 32 շարքային) իրենց առաքելությունն իրականացրել են հունական խաղաղապահ ստորաբաժանման կազմում:


© 2009 ARMENPRESS.am