Հայկական «Վիքիփեդիա»-ն քննարկում է անվանափոխության հնարավորությունը

17:41, 13 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Վիքիփեդիա»-ի մասնակիցների շրջանում քննարկման է դրվել անվանման փոփոխության հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրագիտարանի հայկական բաժնում նշվում է, որ քվեարկության նպատակն է պարզել, արդյոք նախագծի մասնակիցների մեծամասնությունը կողմնակից է «Վիքիփեդիա»-ի անվանափոխությանը:

 «Նախկինում եղել են քննարկումներ «Վիկիպեդիա» կամ «Վիքիփեդիա» անվանատարբերակներն օգտագործելու վերաբերյալ, սակայն առանց որևէ արդյունքի»,- նշվում է հայտարարության մեջ:

Փոփոխության հնարավորությունը քննարկվելու է երկու փուլով: Առաջինում քվեարկվում է միայն փոփոխություն կատարելու որոշումը: Տարբերակի ընտրությունը կքննարկվի և միայն առաջին փուլից հետո: Մասնակիցները կարող են քվեարկել «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»: Եթե մասնակիցների ավելի քան 50 տոկոսը կողմ լինեն, ապա հստակ որոշումները կկայացվեն արդեն երկրորդ փուլում:

Նշենք, որ այս պահին արդեն մասնակցել են 17 հոգի, որոնցից 15-ը կողմ, մեկը դեմ, մեկը ձեռնպահ:


© 2009 ARMENPRESS.am