ԼՂՀ ԱԺ-ն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

16:50, 2 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 2-ին  հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ առաջինը խորհրդարանի ձմեռային արձակուրդների ավարտից հետո, ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից, քննարկման  հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգի ձեւավորման հարցն էր։

Այդ կապակցությամբ նշվել է, որ շրջանառության մեջ մտած 4 օրինագծից երկուսը պատգամավորական նախաձեռնության արդյունք է, իսկ երկուսը ստացվել է կառավարությունից։ Միեւնույն ժամանակ ակնկալվում է, որ նստաշրջանի օրակարգն առաջիկայում կհամալրվի ինչպես գործադիրի, նույնպես և պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնություններով։

Խորհրդակցությանն այնուհետեւ անդրադարձ է կատարել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ հունվարի 18-ին Հայաստանի խորհրդարանում անցկացված խորհրդակցությանը ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցության արդյունքներին։ Մասնավորապես, ներկայացնելով ՀՀ ԱԺ-ում անցկացված խորհրդակցությանը ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ հնչած տեսակետները, խորհրդարանի նախագահը մատնանշել է դրանցից բխող  հետեւություններն ու առաջիկա անելիքները։

Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են նաև հարցեր՝ կապված  ընթացիկ ամսում սպասվող խորհրդարանական և այլ միջոցառումների  կազմակերպման ու անցկացման խնդիրների հետ, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։          


© 2009 ARMENPRESS.am