Շարմազանովի համոզմամբ` Սենատի որոշումն օրինակ կծառայի եվրոպական մյուս երկրների համար

13:25, 24 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը օրինակ կծառայի եվրոպական մյուս երկրների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բոլորը պետք է գիտակցեն, որ Ցեղասպանության ժխտումը նույնքան հանցագործություն է, որքան այն իրականացնելը»,- ասաց Շարմազանովը: Նա Սենատի որոշումը կարևոր է համարում ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների ավելի սերտացման, այլև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համար:

«Սենատի որոշումը նաև ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն այս տարիների ընթացքում հայամետ քաղաքականություն են իրականացրել: Այս որոշումն ի չիք դարձրեց նաև այն քննադատությունները, որոնք հնչել էին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի սկզբում, ըստ որոնց' այդ գործընթացը խոչընդոտելու էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ վերջին շրջանում միջազգային ասպարեզում ավելի շատ է բարձրաձայնվել Մեծ Եղեռնի մասին, քան նախորդ տարիներին:


© 2009 ARMENPRESS.am