Ընդունելություն ՀՀ դեսպանությունում` Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների պատվին

12:08, 17 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 17-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների պատվին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների և խորհրդականների պալատների պատգամավորներ` նախկին արտգործնախարար, ներկայումս Ճապոնիայի իշխող ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տակեակի Մացումոտոյի գլխավորությամբ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Ճապոնիայի ներկայացուցիչ Տոյոհիսա Կոզուկին:

Ի թիվս հայ-ճապոնական հարաբերությունների խորացման և բազմազանեցման նպատակով երկու երկրների գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների հետագա քայլերի, քննարկվել է նաև Ճապոնիայի խորհրդարանում Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կազմի հաստատման, նոր անդամներով համալրման հարցը: Կողմերը շեշտել են, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համադրել բոլոր քաղաքական ուժերի ջանքերը: Տակեակի Մացումոտոն նշել է, որ ամեն ջանք կգործադրի Ճապոնիայի օրենսդիր մարմնում Հայաստանի, հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ տանելու համար:


© 2009 ARMENPRESS.am