Կառավարության` արտահանման զարգացմանն ուղղված ռազմավարությունն իրագործելու դեպքում նկատելի արդյունքներ կգրանցվեն

14:15, 28 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության շինարարության ոլորտում ներդրումային գրավչության խնդիր կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տնտեսական տարին,  նման կարծիք հայտնեց տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը: Վերջինիս համոզմամբ` հաշվի առնելով շինարարության ոլորտի կտրուկ անկումը, այն շատերի համար պակաս գրավիչ է դարձել:

«Մենք այսօր բավական կիսակառույց շենքեր ունենք, եւ քանի որ պահանջարկ չկա բնակչության շրջանում, ներդրումներ այս ոլորտում չեն արվում»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով` իրացման փուլում եւս խնդիրներ կան:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին`  Խաչատրյանը նշեց, որ վիճակագրության համաձայն` 496 հազար մարդ է մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում զբաղված: Դա զբաղվածության ընդհանուր թվի 45 տոկոսն է:

Տնտեսագետը նշեց, որ Կառավարության` արտահանման զարգացմանն ուղղված ռազմավարությունը կյանքի կոչվելու դեպքում 2015-18 թթ նկատելի արդյունքների կհասնենք: Այս ոլորտում առանձնացված 11 ճյուղերը, Խաչատրյանի խոսքով` այն ոլորտներն են, որոնցում  Հայաստանի տնտեսությունն ավանդաբար ուժեղ է եղել կամ մենք հարաբերականորեն առավելություն ունի:


© 2009 ARMENPRESS.am