ԱԻՄ-ը կուսակցությունների հետ համագործակցելու հարցում հաջողության չի հասել

12:19, 29 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ինքնորոշում միավորում»-ը կուսակցությունների հետ համագործակցության գալու հարցում հաջողության չի հասել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով' ընդդիմություն հայտարարող կուսակցությունները եւ արտախորհրդարարանական ուժերը պետք համախմբվեին ԱԻՄ կուսակցության առաջարկած ծրագրերի շուրջ: «ՀԱԿ-ը նույնպես չունեցավ այն ողջախոհությունը' արձագանքելու իմ կոչին: ԱԻՄ-ը ինքնուրույն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է ստանալ մինչեւ քսան տոկոս: Եթե մինչեւ մարտ մենք վերջնական որոշում չկայացնենք, նշանակում է' խաղից դուրս ենք մնացել»,-ասաց Հայրիկյանը: Նա նշեց, որ մասնակցելու դեպքում արդյունքը կլինի այն, որ եւս մեկ քաղաքական ուժ կհայտնվի ասպարեզում, սակայն որակական փոփոխություններ անել հնարավոր չի լինի: «Կուսակցությունների հետ համաձայնության գալու հարցում մենք հաջողության չենք հասել: Համագործակցելու համար տեսականորեն համաձայնել են մեծ մասը, հիացմունք են արտահատել բոլորը, սակայն գործնականորեն համագործակցելու համար մի քանիսն են համաձայնել»,-ասաց Հայրիկյանը: Նա հավելեց, որ պետք է ազդարարել, որ «Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն»- որոշել է վերադառնալ իր արմատներին եւ դրանց վրա կառուցել ազատ Հայաստան:

Հայրիկյանը հավելեց նաեւ, որ ԱԻՄ կուսակցությունը այժմ առաջնորդ չունի, քանի որ կուսացկության համագումարի նիստը դեռ տեղի չի ունեցել:


© 2009 ARMENPRESS.am