Արցախում կառուցվելիք քաղաքը կբերի տարածաշրջանային տնտեսական լուծումներ. ադրբեջանահայերը տքնաջան աշխատում են այդ ուղղությամբ

12:19, 17 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանահայությունը բոլոր բարոյական ու իրավական իրավունքներն ունի բնակություն հաստատելու ազատագրված տարածքներում, իր բնակության հարմարավետության համար կառուցելու քաղաք: Նման հայտարարությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ Ադրբեջանի եւ Նախիջեւանի փախստականների համագումարի նախագահության քարտուղար Մարիամ Ավագյան` հավելելով, որ քաղաքը նախատեսվում է մի շրջանում, որը կարող է աճել ու զարգանալ: Հաշվի են առնվում տարածաշրջանային միջպետական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

«Բագարան քաղաքը ընկած է լինելու մի հատվածում, որը լայն տնտեսական հնարավորություններ է ունենալու հետագայում: Ներկա պահին քաղաքի հնարավոր կառուցումը գտնվում է ծրագրային փուլում, սակայն նրա իրականացման բոլոր հիմքերը կան, քանի որ մենք տքնաջան աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Մարիամ Ավագյանը:

Իրավաբան Անդրեաս Ղուկասյանն իր հերթին ասաց, որ քաղաքի կառուցումը առաջ է բերում խնդիրներ ու հարցեր մի շարք հարթություններում` տնտեսական, քաղաքական, ֆինանասական, քաղաքաշինական, բարոյական, իրավական: «Դրանց մի մասի լուծումը ինքնին ենթադրվում է, սակայն բարդ է խնդիրը` ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ: Սակայն, այդ պարագայում էլ, նշենք, որ ադրբեջանահայությունն այս ընթացքում հաջողեցրել է ստեղծել սեփական բիզնեսն ու ամրապնդվել անկախացած Հայաստանում, աշխարհի այլ պետություններում: Գտնում ենք, որ վերջիններս նույնպես շախագրգռված կլինեն այս նախագծի իրականացման գործում»,- հավաստիացրեց իրավաբանը:

Հայաստանում Ադրբեջանի եւ Նախիջեւանի փախստականների համագումարը հանդես էր եկել նախաձեռնությամբ` ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում կառուցելու նոր քաղաք` Բագարան անվամբ:


© 2009 ARMENPRESS.am