Թուրքիայի վճռաբեկ դատարանը վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Օրհան Փամուքի դեմ հայցը

14:05, 16 Նոյեմբեր, 2011

ԱՆԿԱՐԱ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վճռաբեկ դատարանի 4-րդ իրավական վարչությունն ուժի մեջ է թողել թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի դեմ Ստամբուլի Շիշլիի 3-րդ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այն վերաբերում է նրա արած' «Թուրքերը 1 մլն հայեր եւ 30 հազար քրդեր են սպանել» արտահայտության համար Ումրանիեի գործով ներկայում կալանված փաստաբան Քեմալ Քերինչսիզի եւ 5 այլ անձանց կողմից հարուցված դատական գործով Փամուքի կողմից վերջիններիս ընդհանուր առմամբ 12,5 հազար թուրքական լիրա փոխհատուցելուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Եվրասիական հետազոտությունների թուրքական կենտրոնի avim.org.tr կայքը:

Այսպիսով' թուրքական դատախազությունը մերժել է Փամուքի փաստաբանի' Շիշիլիի դատարանի որոշումը բեկանելու մասին հայցը եւ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով մեղավոր ճանաչել նրան' «թրքությունը վիրավորելու եւ ստորացնելու» համար:

Թուրքիայի վճռաբեկ դատարանի 4-րդ իրավական վարչության' այդ մասին որոշման մեջ ասվում է. «Դատարանը ուժի մեջ է թողնում թուրք ժողովրդի հետ մեր հայրերին զրպարտելու միջոցով վիրավորելու, նրանց մարդասպան հայտարարելու, օտար ազգերի մոտ թուրքերին դժվար վիճակի մեջ դնելու, հայկական պնդումներին աջակցելու եւ թուրք ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի անձնական իրավունքներին հարձակում գործելու մեղադրաքներով տրված դատապարտման վճիռը»:

Հատկանշական է, որ Թուրքիայի վճռաբեկ դատարանի այս վճռով ոգեւորված Ք.Քերինչսիզի փաստաբան Գյոնուլ Քերինչսիզը հայտարարել է, որ նման փոխհատուցման պահանջով դատարաններ կարող է դիմել Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի:


© 2009 ARMENPRESS.am