ՀՀԿ-ն նախագահի գլխավորությամբ շարունակում է իրականացնել համակարգային բարեփոխումներ. Շարմազանով

17:49, 15 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունը նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակում է իրականացնել համակարգային բարեփոխումներ, որոնց նպատակն է ավելի ժողովրդավարական եւ ազգային արժեքների վրա հիմնված Հայաստանի կայացումը: Ազգային ժողովում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը' հավելելով, որ ժողովրդավարական արժեքները մեզ համար այլընտրանք չունեն, եւ այս համատեքստում չափազանց կարեւոր է արդար եւ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը: «Բարեփոխումները շարունակվելու են նաեւ տնտեսական ոլորտում, պատահական չէ, որ նախագահը նշեց, որ տնտեսության զարգացումն ազգային անվտանգության խնդիր է»,- ընդգծեց Շարմազանովը:

Նրա ներկայացմամբ' Հայաստանն անցած տարի թերեւս աշխարհի միակ երկիրն էր, որն առաջընթաց է արձանագրել տնտեսական ազատությունը բնութագրող թերեւս բոլոր ցուցանիշներով:

Անդրադառնալով 2012թ-ի բյուջեի նախագծին' Շարմազանովը շեշտեց, որ այն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որտեղ որեւէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու, ավելին' շուրջ 10 տոկոսով ավելանալուն են ընտանեկան եւ սոցիալական նպաստները: «Շատ լավ գիտակցում ենք, որ սա բավարար չէ սոցիալապես անապահով խավերի խնդիրները լուծելու համար, բայց վճռական ենք իրականացնելու քայլեր' հասարակության սոցիալական վիճակը բարելավելու համար»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:


© 2009 ARMENPRESS.am