Կմեկնարկի «WebԾիրան» առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը

14:23, 26 Հոկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության համատեղ ջանքերով, նոյեմբերի 15-ին կմեկնարկի առաջին համահայկական «WebԾիրան» օնլայն կինոփառատոնը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոփառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում ինտերնետի ոլորտը բավական մեծ առաջընթաց է ապրում: «Այս նախագիծը շատ հետաքրքիր է, եւ այն լայն հնարավորություն է տալիս կինոարվեստով հետաքրքրված մարդկանց երեւան բերել իրենց իսկ նկարահանած ֆիլմերը»,- ասաց նա:

«Այս փառատոնն այն մարդկանց համար է, ովքեր նկարում են, օրինակ, հեռախոսներով, կամ բյուջեն չի հերիքում աշխարհահռչակ կինոփառատոներին ֆիլմ ներկայացնելու համար: Սա մի նոր ասպարեզ է բացում բոլորի համար, եւ ապացուցում, որ կինոն այլեւս մեծ փողեր չի պահանջում, այն պահանջում է լավ գաղափար, արվեստ եւ հետաքրքիր մոտեցումներ»,-ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես Webtv.am ինտերնետային հեռուստատեսությամբ' 5 օր անընդմեջ: Այս կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում բնակվող բոլոր հայ կինոռեժիսորները, որոնք պետք է ներկայացնեն ցանկացած ժանրի մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմ:Հաղթող ֆիլմերը որոշվելու են ինտերնետ քվեարկության միջոցով, իսկ արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին:

Նշենք, որ «WebԾիրան» կինոփառատոնում հաղթող ֆիլմը կստանա 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ խրախուսական մրցանակը կկազմի 500 ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am