«Կինոաշուն-2011»-ը մեծ առաջընթաց է արձանագրել

18:31, 24 Հոկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին է մոտենում «Կինոաշուն- 2011» ազգային կինոյի ամիս ծրագիրը, եւ արդեն կարելի է արձանագրել, որ այս տարի ծրագիրը մեծ առաջընթաց է գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ծրագիրը շատ ավելի լավ է ընթացել, քան կարելի էր սպասել նախնական շրջանում:

«Մեծ ակտիվություն էր նկատվում հիմնականում ՀՀ մարզերում կայացած ցուցադրությունների նկատմամբ, ուսանողության եւ զինվորականների շրջաններում»,- ասաց Գ. Գեւորգյանը' հավելելով, որ ցուցադրությունների ժամանակ դահլիճները 80-90 տոկոսով լեցուն են եղել: «Կինոմշակույթի նկատմամբ հետաքրքրությունն առաջընթաց է արձանագրում»,- նշեց նա' հավելելով, որ ուրախալի մի շարք ցուցանիշներ շատ են գրանցվել:

Նա ամենից շատ կարեւորեց այն հանգամանքը, որ մարզերում անցկացվող կինոցուցադրությունների արդյունքում մի շարք մարզպետներ եւ քաղաքապետեր արդեն հավաստիացրել են, որ կանեն ամեն հնարավոր քայլ մշտական գործող կինոթատրոններ ստեղծելու համար: «Սա իրոք մեծ ձեռքբերում է»,- նշեց նա: Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 24-ին, Գորիսի պետական թատրոնի դահլիճում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումով: Ծրագրի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Երեւանում:

Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում եւ Երեւանի համայնքներում ցուցադրվում են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական ֆիլմեր, ներկայացվում են կինոարխիվային բացառիկ նյութեր, մինչ այժմ չցուցադրված կադրեր, կազմակերպվում հոբելյանական երեկոներ, ստեղծագործական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, գրախոսականների մրցույթ:

«Կինոաշուն - 2011»-ն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչն է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Այն այս տարի նվիրվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:


© 2009 ARMENPRESS.am