Ա. Ալավերդյան. «Ազատությունը քաղաքացիական հասարակության լավագույն ձեռքբերումն է»

14:32, 19 Սեպտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարիները նշանավորվեցին նաեւ հասարակական կազմակերպությունների' որպես քաղաքացիական հասարակության խմբավորումների առաջացմամբ եւ ձեւավորմամբ: «Քաղաքացիական հասարակության եւ հատկապես' հաշմանդամների կարեւոր ձեռքբերումն այս 20 տարիների ընթացքում ազատությունն է իր բոլոր լավ եւ վատ դրսեւորումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ունիսոն» սահմանափակ կարողություններով մարդկանց հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը:

Համեմատական զուգահեռներ տանելով խորհրդային տարիների հետ' նա համոզված է, որ առաջընթացն ակնհայտ է հատկապես հաշմանդամների հարցում: «Խորհրդային տարիների մտածողությամբ հաշմանդամը տնից դուրս գալու կարիք չուներ, գրեթե չկային թեքահարթակներ կամ այլ հատուկ հարմարություններ ազատ տեղաշարժման համար»,- ընդգծեց Ա. Ալավերդյանը' հավելելով, որ այսօր պատկերն այլ է' բնակելի շենքերում, առեւտրի կենտրոններում, ուսումնական եւ այլ հասարակական հաստատություններում կառուցվում են թեքահարթակներ: Ա. Ալավերդյանի խոսքերով' առաջիկայում ծրագրված է երթեւեկության մեջ ներառել մոտ 20 ավտոբուս' հարմարեցված հաշմանդամների ազատ տեղաշարժման համար:

Նրա համոզմամբ' անկախության լավագույն դրսեւորումներից մեկը սահմանափակ կարողությամբ մարդկանց որպես հասարակության լիարժեք անդամ ինտեգրումն է հասարակության մեջ եւ նրանց կյանքի ակտիվացումը:

«Նախկինում դժվար էր պատկերացնել, որ հաշմանդամը կարող է որեւէ պաշտոն զբաղեցնել, տնօրեն կամ գործարար դառնալ,շատերը կարծում էին, որ հաշմանդամ աշխատակիցն ավելորդ խնդիրներ է առաջացնում»,- ավելացրեց հասարակական կազմակերպության նախագահը: Այսօր, ըստ նրա, հաշմանդամ անձինք հնարավորություն ունեն աշխատելու բջջային առաջատար ընկերություններում, մշակութային, հասարակական եւ այլ կազմակերպություններում' ապացուցելով, որ ֆիզիկական սահմանափակ կարողությունները չեն խոչընդոտում մտավոր աշխատանքին:


© 2009 ARMENPRESS.am