Հայաստանում ուսուցիչների 15 տոկոսն է տղամարդ

10:44, 21 Հուլիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում դասավանդում է 41 հազար 402 ուսուցիչ, որից 6 342-ը' տղամարդ. վերջիններիս թիվը, տոկոսային արտահայտմամբ, կազմում է ընդհանուրի շուրջ 15 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծության ծառայություն բաժնից, 2010-2011 ուստարվա հաշվետվության տվյալներով' մինչեւ 25 տարեկան ուսուցիչների թիվը 2 246 է, որից 1 892-ը կանայք են, 25 - 29 տարեկան 3 388 ուսուցիչներից էլ կանայք են 2 821-ը: 30 - 34 տարեկան 4 005 ուսուցիչներից կանայք են 3 511-ը, 35 - 39 տ. 4 984-ից'4 384-ը, 40 - 44 տարեկան 5 409 ուսուցիչներից' 4659-ը, 45 - 49 տարիքային խմբի 5 792 ուսուցիչներից' 4 945-ը, 50- 54 տ. 6 196 ուսուցիչներից' 5 248-ը, 55- 59 տ. 5 444 ուսուցիչներից' 4 534-ը, 60- 64 տարիքային խմբի 3 348 ուսուցիչներից' 2 682-ը, իսկ 65 եւ ավելի տարեկան ուսուցիչների թիվը 590-ն է, որից 354-ն են կին:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հատուկ որեւէ գործողություն չեն ծավալել տղամարդ ուսուցիչներին խրախուսելու ուղղությամբ, սակայն ներկայում, ըստ վարչության պետի, ուսուցչի աշխատավարձը ցածր չէ, եւ դա չպետք է դպրոցում աշխատանքից խուսափելու պատճառ հանդիսանա: Նրա խոսքով' տղամարդ ուսուցիչները, ավանդականի պես, զբաղեցնում են «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների ուսուցիչների պաշտոնները:

«Խորհրդային տարիներին էլ է եղել նման վիճակ, ուստի այն սոցիալական դրությամբ չի պայմանավորված: Դպրոցում դասավանդելը, կարծեք, միշտ եղել է կանացի աշխատանք, սակայն տղամարդ ուսուցիչների առկայությունը դպրոցում ցանկալի է»,- ասաց Ն. Հովհաննիսյանը' նկատելով, որ կան առարկաներ, որոնց դեպքում գերադասելի է, որ ուսուցիչը տղամարդ լինի: Նրա խոսքով' նախկինում քիչ չէին նաեւ պատմություն դասավանդող տղամարդ ուսուցիչները, հիմա, սակայն, այդպես չէ: Ըստ վարչության պետի' մանկավարժությունը բարդ ոլորտ է, ուստի դա եւս մեկ գործոն է, որով պայմանավորված է տղամարդկանց' դպրոցում դասավանդելուց խուսափելը:


© 2009 ARMENPRESS.am