Գերմանիայում բացվել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը

18:35, 3 Մայիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մայիսի 2-ին տեղի է ունեցել հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատմական կառույցը' որպես Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, գերմանական կառավարության կողմից հատկացվել էր դեռեւս 1998 թվականին: Կառույցի վերանորոգման աշխատանքներն ընդհատումներով շարունակվել են շուրջ 11 տարի: Տուն-թանգարանը վերջին մեկ տարում Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը կարող է նպաստել հայագիտության տարբեր ոլորտների, նաեւ ցեղասպանության ուսումնասիրմանը:

Բացման արարողությանը ներկա են եղել եւ ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայի կանցլերի գրասենյակի պետքարտուղար, մշակութային եւ տեղեկատվական հարցերով ներկայացուցիչ Բերնդ Նոյմանը, Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների եւ մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Կունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթով հանդես է եկել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման կապակցությամբ ուղերձներ են հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:


© 2009 ARMENPRESS.am