Ավտոմեքենաների տեխզննման համար վճարումն այսուհետ կկատարվի առեւտրային բանկերում` «մեկ պատուհան» սկզբունքով

18:45, 31 Մարտ, 2011

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգ»-ը:

 

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` այն վճարման տեսակետից էապես թեթեւացնող մեխանիզմներ է խոստանում, եւ ՀՀ քաղաքացիները, նախատեսվող այս կարգով, ավտոմեքենային տեխզննման համար ոչ թե պետք է 3-4 տեղերում վճարում կատարեն, այլ «մեկ պատուհան» սկզբունքով. վարորդները բանկում վճարում կկատարեն բոլոր բաղադրիչների համար, որի համար կստանան կտրոն: Վերջինս էլ տարվա ընթացքում ներկայացնելով իրենց իսկ կողմից ընտրված տեխզննման կայան` կիրականացնեն ավտոմեքենայի տեխնիկական զննում:

 

Կայանը վարորդներին կտա համապատասխան կտրոն, իսկ այդ կտրոնի վերաբերյալ տեղեկությունը համակարգչի միջոցով կփոխանցվի Տրանսպորտի եւ կապի նախարարություն. այնտեղից էլ այն հասանելի կլինի ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորեց այս նոր կարգի մասին որոշումը` նշելով, որ վերջերս ուսումնասիրություն են իրականացրել պարտադիր տեխնիկական զննման բնագավառում, եւ այն, ինչ արձանագրվել է, ապշեցուցիչ է: «Հայաստանի Հանրապետության 300 հազար քաղաքացի ներքաշված է ֆիկտիվ գործառույթի մեջ: Մոնիտորինգն իրականացնելու ժամանակ մեր ներկայացուցիչները տարբեր տեխզննման կայաններ են այցելել` այդ տեխզննման ծառայություններից օգտվելու:

 

Նրանք կատարել են օրենքով սահմանված վճարումները: Բայց այն, ինչին հանդիպել են, անթույլատրելի է: Ըստ դրա` մենք կարող ենք արձանագրել, որ տեխզննման գործառույթը մեր երկրում ֆիկտիվ բնույթ է կրում, ավելին` օրենսդրությամբ չնախատեսված վճարումներ են իրականացնում մեր քաղաքացիները տեխզննման կայաններում, որպեսզի այդ գործընթացը իրականացվի շատ արագ, իսկ ավելի ճիշտ` այն ընդհանրապես չիրականացվի: Բացահայտվել են դեպքեր, երբ ընդհանրապես մեքենաները չեն հայտնվում այդ կայաններում, այլ ուղղակի փաստաթղթերը բերում են տեխզննման կայաններ, եւ իրականացվում է ձեւակերպում` իբրեւ թե այդ մեքենան անցել է տեխզննում:

 

Հասկանալի է, որ մենք չենք կարող հանդուրժել այս երեւույթը, եւ անհրաժեշտ է արագորեն շտկում մտցնել իրավիճակում»,- ասաց կառավարության ղեկավարը: Նրա խոսքով` այս նոր կարգի իմաստն այն է, որ շուկան պետք է լինի ինքնակարգավորվող, տեխզննման կայանները պետք է որակյալ ծառայություններ մատուցեն ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք ընտրեն այդ 31 կայաններից որեւիցե մեկը, որը, իրենց կարծիքով, ավելի բարձր մակարդակով է ծառայություն մատուցում:

 

«Դա նշանակում է, որ այն 5 հազար դրամ հավելավճարը, որ մեր քաղաքացիները տալիս են տեխզննման կայաններին, ըստ էության, վերանում է»,- նշեց Տ. Սարգսյանը` ավելացնելով, որ հաջորդ քայլով մտադիր են այդ մեխանիզմին ավելացնել ապահովագրական բաղադրիչը, որպեսզի ապահովագրական ընկերությունները նույնպես մասնակցեն այդ գործառույթին:


© 2009 ARMENPRESS.am