Ավազակային հարձակման վնասազերծում` «Կոնվերս բանկ»-ի Նոր Նորքի մասնաճյուղում

21:23, 29 Մարտ, 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում այսօր` ժամը 12:10-ին, ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 10/12 հասցեում գտնվող «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղում հրազենից վիրավորված մարդ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նա ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է:

 

Ժամը 12:00-ի սահմաններում գլխարկով դեմքը ծածկած վիճակում նա մուտք է գործել նշված բանկի վարչական տարածք եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37 հազար 8 հարյուր ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6 հազար 695 դոլար: Հանցագործությունը կանխվել է նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության եւ բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու շնորհիվ. չնայած զենքի սպառնալիքին` նա գործադրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետեւանքով Արթուր Հակոբյանը որովայնի եւ ազդրի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի կրակված 4 պարկուճ, նշված գումարն ամբողջությամբ` 1 փաթեթով: Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով` 8 փամփուշտով: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը:


© 2009 ARMENPRESS.am