Ստեփանակերտում բացվել է խաղաղությունը խորհրդանշող «Խատուտիկ» արձան

20:31, 2 Սեպտեմբեր, 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի կենտրոնական մասում` Օղակաձեւ զբոսայգու հարեւանությամբ, այսօր տեղի է ունեցել ռուս հայտնի քանդակագործ Գրիգորի Պոտոցկու հեղինակած «Խատուտիկ» արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրա գլխավորած կառավարական պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գ. Պոտոցկին, արձանը խորհրդանշում է խաղաղություն եւ բարություն: «Ես իմ կյանքում որտեղ հայ եմ տեսել, միայն նկատել եմ բարգավաճում: Հայերը շինարար ու խաղաղություն սիրող ժողովուրդ են, եւ այդ պատճառով ես որոշել եմ Ստեփանակերտում խաղաղություն խորհրդանշող արձան կանգնեցնել»,- ասաց Գ. Պոտոցկին:


© 2009 ARMENPRESS.am