ՀԳՄ-ում բացվեց ամերիկաբնակ լուսանկարիչ Ռ.Համբարձումյանի ցուցահանդեսը

17:05, 21 Հունիս, 2010

ԵՐԵՒԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում այսօր բացվեց ամերիկաբնակ լուսանկարիչ Ռաֆայել Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հին լուսանկարներ, որոնք արված են ԱՄՆ-ում, այնպես էլ վերջին 20 օրերի ընթացքում արված կադրեր: Լուսանկարիչը 12 տարվա դադարից հետո առաջին անգամ է Հայաստանում եւ ներկայացնում է իր աչքերով վերափոխված Երեւանը, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: Ներկայացված աշխատանքների շարքում տեղ են գտել բնության, քաղաքի տեսարաններ, մշակութային եւ քաղաքական հայտնի դեմքեր, կադրեր վերջին տարիներին բացված խաղատներից եւ Հանրապետության Հրապարակից, Սեւանի, Ծաղկաձորի, նաեւ Սյունիքի, գեղեցկությունները պատկերող դրվագներ:

 

Նշանավոր է հատկապես մի վիրաբույժի աչքերը պատկերող կադրը, որն ավելի քան 50 տարի շրջել է աշխարհի տարբեր երկրներով եւ գեղարվեստական լուսանկարչության համաշխարհային մրցույթներում արժանացել է մեդալների, դիպլոմների: Ռ. Համբարձումյանն այսօր նաեւ ներկայացրեց իր 31-րդ գիրքը, որ կրում է «Հավերժի ճամփորդներ» խորագիրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց լուսանկարիչը, ինքն իր ցուցահանդեսը կվերնագրեր «Ռաֆայել Համբարձումյանի աչքերով նոր Երեւանը»: Ամերիկաբնակ արվեստագետն ունեցել է 100-ից ավելի ցուցահանդեսներ, 30-ից ավելի ալբոմներ: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հավաստիացրեց, որ Ռ. Համբարձումյանը շուրջ 60 տարի իր արվեստով մեր երկիրը ներկայացնում է ամբողջ աշխարհին: Իսկ ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը, ակնարկելով իր կոլեգայի տաղանդը, նշեց. «Երբ լուսանկարիչն ունենում է արվեստագետի աչք, լուսանկարչական օբյեկտիվը վեր է ածվում վրձնի»:


© 2009 ARMENPRESS.am