Վերաօծվել է Աքորիի Սուրբ Գեւորգ եկեղեցին

00:00, 4 Հոկտեմբեր, 2008
ՎԱՆԱՁՈՐ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Սուրբ Գեւորգի տոնի նավակատիքին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ վերաօծվել է Լոռու մարզի Աքորի գյուղի, 13-րդ դարում կառուցված, Սուրբ Գեւորգ եկեղեցին: Արարողությանը մասնակցում էին Ալավերդու համայնքային ու Լոռու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Աժ պատգամավորներ, գյուղացիներ, ինչպես նաեւ Աժ պատգամավոր, Ս.Գեւորգ եկեղեցու վերակառուցման ու կահավորման բարերար Կարեն Սարիբեկյանը: Հաղպատի, Օձունի եւ Ալավերդու հոգեւոր հայրերի մասնակցությամբ ու Սրբազան հոր ձեռամբ օծվել են եկեղեցու Սուրբ սեղանը, խորանն ու մկրտության սուրբ ավազանը: Սրբազան արարողության ավարտին Կ. Սարիբեկյանն իր բարերարության համար Սրբազանի կողմից ստացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի փայտյա սրբապատկերը եւ օրհնության գիր:

© 2009 ARMENPRESS.am