Մարտակերտի շրջանի Չափար գյուղում բացվել է նորակառույց
մանկապարտեզ
00:00, 1 Մայիս, 2007
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Ղազարյան): ԼՂՀ
Մարտակերտի շրջանի Չափար գյուղում ապրիլի 30-ին հանդիսավորությամբ բացվեց
նորակառույց մանկապարտեզը: Արարողությանը ներկա էր նաեւ ԼՂՀ վարչապետ
Անուշավան Դանիելյանը: Արդի պահանջները բավարարող նախադպրոցական կրթօջախ
կհաճախի 20 երեխա, ապահովված է 10 աշխատատեղ:
Շենքը կառուցվել է բարերար Վարուժան Գրիգորյանի հովանավորությամբ. նրա
միջոցներով է նաեւ հայրենի գյուղում կառուցվել է 4 կմ-ոց ջրատարը,
վերանորոգվել զոհված ազատամարտիկների բնակարաններ: Բարերարը նշեց, որ իր
ծրագրերն այսքանով չեն եզրափակվում: Այսուհետ հայրենի գյուղում ծնվող
յուրաքանչյուր երեխայի համար իր միջոցներից կհատկացվի 1000 ԱՄՆ դոլար, իսկ
հարսանյաց բոլոր հանդեսները կկայանան իր հովանավորությամբ: Նա նշեց, որ կան
շրջանի հետ կապված խոշոր ծրագրեր եւս: Նպատակ կա ստեղծել շինարարական
կազմակերպություն, նաեւ հիմնել «Վարուժան Գրիգորյանե բարեգործական հիմնադրամ:
Այսինքն, ամեն մի ծրագիր կիրականացվի հիմնադրամի միջոցներով, իսկ Չափարում
բացված մանկապարտեզը այդ ծրագրի սկիզբն է:
Շրջվարչակազմի շենքում կայացած հանդիպման ընթացքում ԼՂՀ Մարտակերտի
շրջվարչակազմի ղեկավար Կառլեն Պետրոսյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք
կյանքի են կոչվել բարերարի հովանավորությամբ. լուսավորվել են Մարտակերտ քաղաքի
փողոցները, տեղադրվել են ճանապարհային երթեւեկության նշաններ ու լուսակիր:
Մարտակերտի ավագանու որոշմամբ Վարուժան Գրիգորյանին շնորհվել է Մարտակերտի
պատվավոր քաղաքացու կոչում: