Էջմիածնի մի շարք զորամասերի 24 զինծառայողներ ՊՆ կողմից ստացան
նոր բնակարաններ
00:00, 17 Ապրիլ, 2007
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի մի շարք զորամասերի 24 զինծառայողներ`
սպաներ եւ ենթասպաներ, այսօր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստացան
նոր` երկու եւ երեք սենյականոց բնակարաններ: Դրանք զինծառայողներին հանձնվեցին
ՊՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանի հրամանի համաձայն:
Բնակարանամուտի կապակցությամբ զինծառայողներին շնորհավորելու էր եկել
պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-
գնդապետ Միքայել Հարությունյանը: «Բնակարանային խնդրի լուծումը, հույս ունեմ,
նոր ուժ կհաղորդի ձեր ծառայությանն ու մեր զինված ուժերին: Տարեցտարի
ավելանում են բնակարանաշինության ծավալները ՀՀ զինված ուժերում. եթե 2000 թ-ին
շահագործման էր հանձնվել 64 բնակարան, 2001թ-ին` 106, ապա 2006թ-ին` 346:
Բնակարաններ են հանձնվել ոչ միայն Երեւանում, այլեւ Իջեւանում, Դիլիջանում,
Սիսիանում ու Կապանում տեղակայված զորամասերի զինծառայողներինե,- ասաց Մ.
Հարությունյանը:
Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ վաղը եւ ապրիլի 20-ին Երեւանում եւս
չորս նոր շենք կհանձնվի զինծառայողների ընտանիքներին: «2007թ-ին բնակարանային
շինարարության ծրագրում ընդգրկված են հանրապետության գրեթե բոլոր մարզերը, եւ
նախատեսվում է շահագործման հանձնել մոտ 400 բնակարան, որից 35 տոկոսը`
Երեւանում, մնացածը` մարզերումե,- ավելացրեց Մ. Հարությունյանը: