Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցին 101 տարեկան է

00:00, 18 Օգոստոս, 2006
ԳԱՎԱՌ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլղաթյան): Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցին 101 տարեկան է: Ինչպես տեղեկացանք Գեղարքունյաց հոգեւոր թեմի առաջնորդարանից, եկեղեցու տարեդարձը համընկել է խաղողօրհնեքի տոնակատարության հետ եւ այդ առիթով պատարագ է մատուցվել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս վարդապետ Հովհաննիսյանի կողմից: Գավառի երկրագիտական թանգարանում պահպանված փաստաթղթերի համաձայն` եկեղեցու կառուցումը սկսվել է 1902 թվականին հոգեւորական նշանավոր գործիչ Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ եւ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ հատկապես մեծ է եղել Հայրապետ աղայի դերը: Սուրբ Աստվածածինը, որը Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին եւ առաջնորդարանն է, օծվել է 1905 թվականին. առաջին պատարագը մատուցել է Խրիմյան Հայրիկը:

© 2009 ARMENPRESS.am