Օծվել է Արեւշատ գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին
00:00, 24 Հուլիս, 2006
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի շրջանի Արեւշատ գյուղում
հուլիսի 23-ին (Հիսուս Քրիստոսի պայծառակերպության` Վարդավառի տոնի օրը)
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ
արք. Կճոյանի կողմից օծվել է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին եւ դրա բակում
տեղադրված խաչքարը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Արարատյան հայրապետական
թեմի մամուլի դիվանից, Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է նախկին
համանուն եկեղեցու ավերակների վրա. գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել
էր դեռեւս 1890-ական թվականներին, վերակառուցվել ու օծվել՝ 1903-ին, 1937թ-ին
փակվել էր, որից հետո տարիների ընթացքում աստիճանաբար խոնարհվել:
Արեւշատցիները (գյուղն ունի մոտ 2700 բնակիչ) եկեղեցի չունենալու պատճառով
եկեղեցական արարողություններին մասնակցում էին հարեւան գյուղերում:
Եկեղեցու բարերարն է ռոստովահայ, նախկին արեւշատցի Սամվել Դավթյանը,
ճարտարապետն է` Դավիթ Քերթմենջյանը: Եկեղեցու օծմանը մասնակցել են նաեւ
Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, Հարավային Ռուսաստանում ՀՀ
հյուպատոս Արարատ Գոմցյանը, ռոստովահայեր: Արարողության ժամանակ մկրտվել է
գյուղի ամենափոքրիկ բնակիչը, կատարվել է նաեւ մատաղի օրհնություն, որից հետո
ներկաների համար կազմակերպվել է համերգային ծրագիր: