Ռենե վան դեր Լինդենը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
00:00, 18 Օգոստոս, 2005
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական
վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը երկօրյա այցով ժամանել է
Հայաստան: ԵԽԽՎ նախագահն այսօր հանդիպել է Եվրախորհրդի անդամ երկրների
դեսպանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նա այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք
մատուցել Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Ցեղասպանության ազգային թանգարանում
շրջելուց հետո իր տպավորություններն է թողել թանգարանի հուշամատյանում։ «1915
թվականին հայերը շատ են տանջվել, դա մեծ ցավ է։ Պետք է հուսալ, որ
պատմությունը երբեք չի կրկնվի: Հարկավոր է աղոթել բոլորի համար։ Համոզված եմ,
ԵԽԽՎ-ն օգտակար կլինի Հայաստանին՝ կայուն, հարուստ Եվրոպայի կազմում
հաշտության մեջ ապրելու գործումե,-գրել է նա։
Օգոստոսի 19-ին խորհրդարանում նախատեսված են Ռենե վան դեր Լինդենի
հանդիպումներ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի անդամների, ԱԺ քաղաքական ուժերի հետ, ինչպես նաեւ
առանձնազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Նույն օրը նախատեսված
են հանդիպումներ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: