Բացվեց հայ ականավոր ծովակալ Հ. Իսակովի արձանը
00:00, 22 Օգոստոս, 2005
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Այսօր
հանդիսավորությամբ բացվեց հայ ականավոր ծովակալ Հովհաննես Իսակովի արձանը`
ծննդյան 111-րդ տարեդարձի կապակցությամբ, նրա անունը կրող պողոտայի բարձրադիր
մասում, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակին նվիրված
հուշահամալիրի հարեւանությամբ: Բրոնզաձույլ արձանը տեղադրված է գրանիտե
պատվանդանին, որի վրա նստած է ճայը: Դեպի Արարատ լեռն ու Երեւանյան լիճը նայող
Հ.Իսակովը ձախ ձեռքում պահել է գլխարկ, աջում` հեռադիտակ: Ըստ ճարտարապետ
Լեւոն Մկրտչյանի` գլխարկը խորհրդանշում է սեփական ժողովրդին պաշտպանելու, իսկ
հեռադիտակը` նրա անվտանգությունը հսկելու պատրաստակամությունը: Արձանը
հեղինակել են քանդակագործներ Գեւորգ Գեւորգյանն ու Ռոբերտ Պալյանը, ստեղծման
նախաձեռնությունը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին ու ՀՀ պաշտպանության
նախարարությանը: Արձանն օծվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ,
գերաշնորհ տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի կողմից:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր
շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ
Երվանդ Զախարյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Միքայել Գրիգորյանն ու
Մանվել Գրիգորյանը, ՀՀ զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանը, բարձրաստիճան
սպայակազմն ու պաշտոնատար այլ անձինք, վետերաններ, երեւանցիներ:
Ինչպես նշեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Հովհաննես Իսակովն այն
հայորդին է, ով կարողացել է փառքով անցնել ռազմի ահեղ ճամփան եւ նրա արձանի
տեղադրումը մեծ հայորդուն արժանի մեծարանքի եւս մի քայլ է:
Ճարտարապետ Լ.Մկրտչյանի խոսքերով, ի սկզբանե մտավախություն է եղել, թե
արձանը կստվերի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակին
նվիրված հուշահամալիրը: «Արձանի տեղադրումից հետո պարզ դարձավ, որ երկու
կառույցները լրացնում են միմյանց, իսկ նոր սերնդի կողմից մոռացության մատնվող
հուշաքարն այսպիսով նոր կյանք ստացավե,-ասաց նա:
Ծովակալ Իսակովը ծնվել է 1894 թ. Կարսի Հաջիքենդ գյուղում, եղել է ԽՄ
նավատորմի ծովակալ, ԽՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ:
Մահացել է 1967թ. Մոսկվայում:
Ծովակալ Իսակովի ծննդյան 111-րդ տարեդարձի առթիվ անցկացվող
միջոցառումների շրջանակներում այսօր նաեւ այցելություն է կազմակերպվել
մայրաքաղաքի` նրա անունը կրող թիվ 132 միջնակարգ դպրոց եւ թանգարան: Ավելի ուշ
Գ.Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա հանդիսավոր երեկո եւ տոնական
համերգ: