Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական
հանձնաժողով
00:00, 3 Դեկտեմբեր, 2008
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի
պետական, հասարակական և տնտեսական ականավոր գործիչ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոցե
շքանշանի շքանշանակիր Եղիշե Թևոսի Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծված
կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Եղիշե Թևոսի Ասծատրյանի
հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 18-ից,
Մաշտոցի 24, բն. 7 հասցեում:
Դեկտեմբերի 5-ին, Երևանի Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-14:00-
ին տեղի կունենա վերջին հրաժեշտը ականավոր գործչին, այնուհետև`
հուղարկավորության արարողությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
***
Կյանքից հեռացել էՀայաստանի անվանի պետական գործիչ, տեխնիկական գիտությունների
թեկնածու, ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս Եղիշե Թևոսի
Ասծատրյանը:
Ծնվել է 1914 թվականին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
Հայրենիքում յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ավարտել է նաև Բաքվի հայկական
միջնակարգ դպրոցը: 1932 թվականին ընդունվել և 1938 թվականին հաջողությամբ
ավարտել է Թբիլիսիի` Անդրկովկասյան ինդուստրիալ ինստիտուտը, հետագայում նաև`
Մոսկվայի ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը: Ինստիտուտն
ավարտելուց և լեռնագործ-ինժեների մասնագիտություն ստանալուց հետո Եղիշե
Ասծատրյանը 1938-1939 թվականներին աշխատել է Դոնեցկի ավազանի ածխահանքերում`
տեղամասի պետի, տրեստի ավագ ինժեների տեղակալի պաշտոններում: Հաշվի առնելով
երիտասարդ ինժեների կազմակերպական ունակությունները, 1939 թվականին Խալխին-
Գյոլի շրջանում Ճապոնիայի հրահրած պատերազմի ժամանակ Խորհրդային կառավարության
հատուկ որոշմամբ Եղիշե Ասծատրյանը, որպես 124 մասնագետներից բաղկացած խմբի
գլխավոր ինժեներ, գործուղվել է Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն, 17-րդ
Կարմիր բանակի հրամանատարի տրամադրության տակ` բանակը վառելիքով ապահովելու
նպատակով ածխահանքեր շահագործելու և ռազմական այլ օբյեկտներ կառուցելու
նպատակով:
Եղիշե Ասծատրյանի գործունեությունը Հայաստանում սկսվել է 1947 թվականին,
երբ գործուղման ավարտից հետո նշանակվել է Երևանի ալյումինի գործարանի
շինարարության պետ: 1950 թվականից նա նշանակվել մի շարք կուսակցական ղեկավար
աշխատանքներում: 1954 թվականին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության,
շինարարության և տրանսպորտի միացյալ բաժնի վարիչ և կարևոր դեր է խաղացել
Գյումուշի, Արզնու, Երևանի էլեկտրակայանների, կաբելի, ավտոդողերի,
Հայէլեկտրամաշ գործարանների, մի շարք կարևոր ավտոճանապարհների ու այլ
օբյեկտների կառուցման գործում:
1960 թվականի սկզբին Եղիշե Ասծատրյանը նշանակվել է Հայաստանի ժողովրդական
տնտեսության խորհրդի նախագահի պաշտոնում և լայն գործունեություն ծավալել
արդյունաբերական ձեռնարկությունների արմատական վերակառուցման, նոր
տեխնոլոգիաների արմատավորման, երկրի բոլոր շրջաններում արդյունաբերական
ձեռնարկությունների մասնաճյուղերի կառուցման, մի շարք ՋԷԿ-երի ու
գործարանների հիմնադրման բնագավառում:
Հաշվի առնելով Եղիշե Ասծատրյանի մեծ հեղինակությունը և տնտեսության զարգացման
գործին անբասիր նվիրվածությունը, Հանրապետության ղեկավարությունը 1963
թվականին նրան է վստահել միաժամանակ երեք բարձր պաշտոններ` ՀԿԿ Կենտկոմի
քարտուղար, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և կուսակցական-պետական
վերահսկողության կոմիտեի նախագահ: Այնուհետև Հանրապետության նյութատեխնիկական
մատակարարման բնագավառում պետական կարգ ու կանոն ստեղծելու նպատակով Եղիշե
Ասծատրյանը նշանակվել է ՀԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման կոմիտեի նախագահ:
Հայաստանում իր աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակաշրջանում
հայրենի Արցախը մշտապես եղել է Եղիշե Ասծատրյանի ուշադրության կենտրոնում: Նա
կազմակերպել է տարբեր կարգի օգնություններ ԼՂԻՄ-ի տնտեսությանը և
բնակավայրերին:
Նա Հանրապետության քաղաքական և պետական գործունեության ասպարեզում
ամեներկարակյաց գործիչներից է և` ավելի քան 60 գիտատեխնիկական, տնտեսագիտական
աշխատությունների հեղինակ:
Եղիշե Ասծատրյանը բնութագրվում է ոչ միայն որպես պետական, հասարակական և
տնտեսական գործիչ, այլև որպես իր և շրջապատի նկատմամբ պահանջկոտ ու արդարամիտ
քաղաքացի, մեծ հայրենասեր, նվիրված ընկեր ու բարեկամ: