ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում

15:52, 8 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բանակի ավագ սերժանտ Գորդոն Բլեքը, որն ինքնաթիռով Վլադիվոստոկ էր մեկնել ընկերուհուն այցելելու, կասկածվում է ընկերուհուց 200 հազար ռուբլի գողանալու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ Բլեքը մեղադրվում է զգալի վնաս պատճառող գողության մեջ, որի համար նրան սպառնում է մինչև հինգ տարի ժամկետով բանտարկություն։

The New York Post-ի տվյալներով՝ աղջիկը, որի մոտ զինվորականը ժամանել էր Վլադիվոստոկ, 31-ամյա Վալենտինա Վաշչուկն է։ Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն տեսահոլովակներին, որոնք Վաշչուկն ու Բլեքը հրապարակել են TikTok-ում։ Դրանցից մեկում ամերիկացի զինվորը ՆԱՏՕ-ի դաշինքն անվանել է «ագրեսիվ» և ասել, որ «հասկանում է Ռուսաստանին, որը ցանկանում է պաշտպանել իրեն»։ Մեկ այլ տեսանյութում նա համաձայնում է իր ընկերուհու այն խոսքերին, թե «(Դոնալդ) Թրամփն ավելի լավն է», և ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին մեղադրում է իր երկրի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման մեջ։ Մի քանի տեսանյութերում աղջիկը վիրավորում է Բլեքին և բարկացնում նրան։

34-ամյա Բլեքը, որը ծառայում էր Հարավային Կորեայի ամերիկյան ռազմակայանում, տեղափոխվել է Տեխասի «Ֆորտ Կավասոս» բազա: Սակայն այնտեղ գնալու փոխարեն ավագ սերժանտը ժամանել է Վլադիվոստոկ՝ իր ընկերուհու մոտ։ Այնտեղ նրան հյուրանոցում ձերբակալել են այն ​​բանից հետո, երբ աղջիկը ոստիկանություն էր դիմել գողության մասին հայտարարությամբ, ինչը զինվորականը, ենթադրաբար, կատարել է իր մոտ հյուր գտնվելով։ ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, որ Բլեքը ձերբակալվել է մայիսի 2-ին։


© 2009 ARMENPRESS.am