Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը

19:42, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) իրավասու չէ Իսրայելի պետության նկատմամբ, սակայն Իսրայելի պաշտոնյաների և զինվորականների ձերբակալության օրդեր տրամադրելու հնարավոր որոշումը պատմական չափերի սկանդալ էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ժողովրդին ուղղված հատուկ տեսաուղերձում Նեթանյահուն ընդգծել է, որ աշխարհում ոչինչ, ներառյալ ՄՔԴ-ի հնարավոր որոշումը, չի փոխի Իսրայելի վճռականությունը՝ հասնելու Գազայի պատերազմի նպատակներին և իրականացնելու Ռաֆահում Եգիպտոսի հետ սահմանին գտնվող գործողությունը:

«Շատ ուժեր կան, որոնք փորձում են խանգարել մեզ դա անել: Վերջերս նրանց միացավ մեկ այլ ուժ՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը: Այս դատարանը իշխանություն չունի Իսրայել պետության վրա: Իսրայելական բանակի հրամանատարների և պետությունների ղեկավարների դեմ օրդերներ տալու հավանականությունը պատմական չափերի սկանդալ է», - ասել է վարչապետը:

Ըստ Նեթանյահուի՝ իսրայելցի պաշտոնյաների և զինվորականների ձերբակալման օրդերների տրամադրումը կլինի առաջին դեպքը, երբ ժողովրդավարական երկիրը, որը պայքարում է իր գոյության համար միջազգային իրավունքի բոլոր նորմերի համաձայն, մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ:

«Իսրայելն ակնկալում է, որ ազատ աշխարհի առաջնորդները վճռականորեն կհակազդեն այս սկանդալային քայլին, որը կվնասի ոչ միայն Իսրայելի պետության, այլև աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրների ինքնապաշտպանությանը: Իսրայելն ակնկալում է, որ այդ առաջնորդներն օգտագործեն իրենց ողջ ազդեցությունը և նրանց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ կանխելու այս վտանգավոր քայլը, որը կներկայացնի բարոյական և պատմական սնանկություն»,- ընդգծել է Իսրայելի կառավարության ղեկավարը։

 

 


© 2009 ARMENPRESS.am