Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին

16:33, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարությունը պատվիրակություն չի ուղարկի Կահիրեում բանակցությունները շարունակելու համար, քանի դեռ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումը չի արձագանքել պատանդներին ազատ արձակելու դիմաց Գազայի հատվածում հրադադարի շուրջ գործարքի հրատապ առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներում հաղորդված տեղեկությունները։

Ավելի վաղ Walla տեղեկատվական հարթակը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել էր, որ ապրիլի 30-ին իսրայելական պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս՝ շարունակելու բանակցությունները պաղեստինյան անկլավում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։

«Այս փուլում որոշվել է, որ պատվիրակությունն ընդհանրապես չի մեկնի Կահիրե: Իսրայելում սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին, որը (ինչպես սպասվում է) կլինի մայիսի 1-ի երեկոյան, և այդ ժամանակ կընդունվի որոշում», - ասել է իսրայելական Kan ռադիոկայանի աղբյուրը։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրների, առանձին մանրամասներ էր հրապարակել ՀԱՄԱՍ-ին ուղղված Եգիպտոսի նոր առաջարկից, որը վերաբերում է Գազայի հատվածում հրադադարին և իսրայելցի պատանդների ազատ արձակմանը։ Ըստ լրատվամիջոցի՝ նոր առաջարկը կազմվել է Իսրայելի օգնությամբ։ Համաձայնագրի առաջին փուլը ներառում է մի քանի շաբաթվա ընթացքում 20-33 պատանդների ազատ արձակում՝ մարտական գործողությունների դադարի և Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Հրադադարի տևողությունը կախված կլինի պատանդների թվից, որոնց կհաջողվի ազատ արձակել։

Երկրորդ փուլը ենթադրում է Գազայի հատվածում «կայուն անդորրի վերականգնում»։ Այս փուլում ՀԱՄԱՍ-ի մոտ մնացած պատանդները, ներառյալ Իսրայելի պաշտպանության բանակի գերի ընկած զինվորները և զոհվածների մարմինները կփոխանակվեն էլ ավելի մեծ թվով պաղեստինցի պատանդների հետ:


© 2009 ARMENPRESS.am