«Նոր գիրք»-17/24. Սարգսյան, Ֆրենչ, Կոլլոդի
08:58, 29 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն․ Նորայր Սարգսյան, «Հանրապետություններից երրորդը»
Վեպը Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է պատերազմից հետո՝ մարդկային պարզ հարաբերությունների դրվագումներով։
Հանրապետություններից երրորդը՝ դարերով երազածը, չափազանց սիրելի ու մոտ, բայց երբեմն հոգեբանորեն այնքան հեռու՝ ասես առասպել լինի: Այս գրքում, ի տարբերություն նախորդի, իրականության չափաբաժինը փոքրացել է, շատացել է մոգական ռեալիզմը։
Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն․ Թանա Ֆրենչ, «Որոնողը»
Իռլանդացի արձակագիր և թատրոնի դերասանուհի Թանա Ֆրենչի «Որոնողը» գիրքը համարվում է իր լավագույն գործը։
Այս դետեկտիվի գլխավոր հերոսը Չիկագոյից տեղափոխվում է Իռլանդիայի գյուղերից մեկը՝ երազելով խաղաղ միջավայրի և անկեղծ զրույցների մասին։ Սակայն նրա երազանքները վերածվում են սովորական ոստիկանի աշխատանքի և նա սկսում է բացահայտել արկածներով լի մի պատմություն։
Գիրքը լույս է ընծայել «Էջ» հրատարակչությունը։
Մանկապատանեկան գրականություն․ Հայտնի հեքիաթագիրներ /Կարլո Կոլլոդի․ «Պինոքիոյի արկածները»
Ի՞նչ է պատահում երեխաների հետ, երբ նրանք սկսում են ստել: Մեկի ականջներն են կարմրում, մյուսն սկսում է կակազել: Իսկ մեր հերոսի՝ Պինոքիո անունով տղայի քիթը ստելիս երկարում էր: Եվ որքան շատ էր ստում, այնքան ավելի էր երկարում:
Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի:
Գիրքը ներկայացնում է հասունացման բարդ խնդիրը, իսկ Պինոքիոյի արկածների հեքիաթային հանգամանքները, նրա վարքը, հանդիպումները և ոչ հեշտ տրվող որոշումներն ընթերցողին կսովորեցնեն պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, տարբերել ճիշտը ստից:
Այս հրաշալի գրքի ընթերցումը միշտ ուրախություն է պարգևում երեխաներին և մեծահասակներին:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
© 2009 ARMENPRESS.am