Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը

15:10, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը  հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

«Շարունակվում են Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ից Աղդամում հրադադարի ռեժիմի փոխհամակարգված մոնիթորինգի և խախտումների կանխարգելման նպատակով գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելությունն ավարտելու ջանքերը»,- ասել է Աքթուրքը։

Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը իր գործունեությունը սկսել էր 2021 թվականի հունվարից։ Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո։


© 2009 ARMENPRESS.am