Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

17:43, 12 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի  և Վրաստանի միջև  համագործակցության  շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում:

Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: 

Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ հայ գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն և համոզմունք հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Ռատի Բրեգաձեն ընդգծել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:      

 

 


© 2009 ARMENPRESS.am