Արայիկ Հարությունյանն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրենը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածումը խթանելու անհրաժեշտությունը

17:58, 10 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի  հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը ողջունել է Զեյնա Մինայի այցը Հայաստան և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը Հայաստանին վստահելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը  կգործադրի  բոլոր ջանքերը՝ դրանք լավագույնս կազմակերպելու համար:

fffffff.jpg (119 KB)

Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Այդ համատեքստում կարևորվել է նաև Հայաստանում ֆրանսերենի տարածումը խթանելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ հայկական կողմն արդեն վերջնականացրել է Խաղերի կազմակերպման Ազգային կոմիտեի ղեկավար կազմի ձևավորման գործընթացը: Ազգային կոմիտեի կազմում ընդգրկված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Զրուցակիցներն ընդգծել են, որ Ազգային կոմիտեի գործադիր մարմնի ձևավորումն առաջնային կարևորություն ունի՝ Խաղերի կազմակերպման և ՖԽՄԿ և Հայաստանի միջև արդյունավետ աշխատանքն ապահովելու տեսանկյունից:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am