Իսրայելը խոստացել է պատասխանել Թուրքիայի կողմից արտահանման սահմանափակումներին

17:52, 9 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը պատասխան սահմանափակումներ կմտցնի Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Haaretz հրատարակությունը։

«Արտգործնախարար Կացը հայտարարել է, որ Իսրայելն իր սեփական առևտրային սահմանափակումները կպատրաստի Թուրքիայից ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան դեպի Իսրայել արտահանվող ապրանքների նկատմամբ Թուրքիայի սահմանափակումների», - ասվում է հրապարակման մեջ։

Նախարարը նշել է, որ իր կարծիքով՝ Անկարան «դարձյալ իր տնտեսական շահերը զոհաբերում է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար»։

Իսրայելի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան «միակողմանի կարգով խախտել է Իսրայելի հետ առևտրային համաձայնագրերը, և երկիրը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի այդ գործողություններին պատասխանելու համար»։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակել է 54 անուն արդյունաբերական ապրանքների արտահանումը Իսրայել: Ըստ գերատեսչության՝ սահմանափակումները կգործեն մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտը և այնտեղ մարդասիրական օգնության անարգել առաքման համար պայմանների ստեղծումը:


© 2009 ARMENPRESS.am