Բլինքենն Ալիևի հետ զրույցում զգուշացրել է զերծ մնալ խաղաղության գործընթացը խաթարելու փորձերից

23:24, 3 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությանը՝ զգուշացնելով, որ ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հասնելու հեռանկարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը և դրա տնտեսական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։

Էնթոնի Բլինքենն անդրադարձել է նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությանը՝ կարևորելով գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկ և կլիմայական առաջնահերթությունները:

Պետքարտուղարը վերահաստատել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը և հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին:

 

 


© 2009 ARMENPRESS.am