Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքներ. քաղաքապետարանից վարորդներին հորդրում են ավելի զգոն լինել

19:40, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքում մարտի 27-ից մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը

«Հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում»,- գրել է նա:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:


© 2009 ARMENPRESS.am