Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է հայկական ձեռագրերին

17:11, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մատենադարանի տնօրեն  Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում:

Մշտական ցուցադրությունների սրահում նախարար Գիորգի Ամիլախվարին ծանոթացել է հայկական ձեռագրերին և ձեռագրակազմերին: Նվիրատուների ցուցասրահում ներկայացվել են Մատենադարանում պահվող վրացերեն ձեռագրերը: Վերականգնման բաժնում Վրաստանի նախարարը հանգամանորեն ծանոթացել է  հին ձեռագրերի մշակման և վերականգնման գործընթացներին:

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախարար Գիորգի Ամիլախվարիին ներկայացրել է  2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակության` Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն կատարած պաշտոնական այցի արդյունքները: Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում Մատենադարանի տնօրինության հրավերով նախատեսվում է կենտրոնի հայագիտական բաժնի աշխատակիցների մեկշաբաթյա այց Երևան, ինչպես նաև Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի մասնակցությունը հուլիսին կայանալիք միջազգային հայագիտական կոնգրեսին։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am