Գավառ համայնքը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա

12:23, 19 Մարտ, 2024

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքը ձեռք է բերել 52 մլն 500 հազար դրամ արժողությամբ նոր համակցված ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, բազմաֆունկցիոնալ ավտոմեքենան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում։

Մեքենան նախատեսված է ճանապարհները ջրելու և լվանալու, ասֆալտբետոնե մայթերից մանր բեկորները, ձյունը մաքրելու, ինչպես նաև սառույցը հեռացնելու համար՝ հակասառցակալման նյութեր տարածելու հնարավորություններով։

Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 թվականի դեկտեմբերին 40 մլն դրամ արժողությամբ ավտոգրեյդեր էր ձեռք բերել։

«Այս ծրագրով նախատեսվում է նաև համայնքի ավտոպարկը համալրել ևս 3 միավոր տեխնիկայով»,-հավաստեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

 

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am