ԵՄ-ում օրինագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից շահույթը հուլիսին Ուկրաինային փոխանցելու մասին

12:15, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստել է օրենքի նախագիծ, ըստ որի Ուկրաինան կկարողանա սկսել ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից շահույթ ստանալ արդեն հուլիսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Օրինագծով նախատեսված է հարկ սահմանել ռուսական միջոցներից ստացված շահույթի նկատմամբ «նպատակ ունենալով տարեկան մոտավորապես 3 միլիարդ եվրո օգտագործել Ուկրաինային զենքի մատակարարումը ֆինանսավորելու և նրա պաշտպանական արդյունաբերությունը խթանելու համար»:

Գործակալությունը նշում է, որ օրինագծի համաձայն՝ փետրվարի 15-ից ստացված եկամուտների մասնաբաժինը տարեկան երկու անգամ կփոխանցվի ԵՄ՝ մինչև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը։

Սկզբում միջոցները կհատկացվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամին, որը վճարում է Կիևին զենք մատակարարելու համար, և Ուկրաինայի աջակցության հիմնադրամին։

Bloomberg-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «G7-ի դաշնակիցներին դրդում է անհապաղ արգելանքի տակ դնել սառեցված ակտիվները և ցանկանում է առաջընթաց տեսնել մինչև ղեկավարների հունիսյան գագաթնաժողովը»։

Սակայն մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկը, «պատրաստակամություն չեն ցուցաբերում», գրում է գործակալությունը։


© 2009 ARMENPRESS.am