Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ

11:12, 21 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:

Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

 

 


© 2009 ARMENPRESS.am